mardi 23 décembre 2014

ՀՅԴ վերնախավի մանրամեծածախ վարքագիծը

ՀՅԴ վերնախավի մանրամեծածախ վարքագիծը


Երբ լրագրողներն այս կամ այն դաշնակցականից հետաքրքրվում են, թե ճի՞շտ են արդյոք այն լուրերը, ըստ որոնց՝ ՀՅԴ–ն մտնելու է իշխող կոալիցիա, նրանք սխալ հարց են տալիս։
ՀՅԴ–ն վաղուց է կոալիցիա կազմել իշխանության, ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի հետ (հենց Սերժ Սարգսյանի, այլ ոչ թե ՀՀԿ–իմանրամեծածախ տարբերակով առաջարկելով իր ծառայությունները։
Կոալիցիան այդ ֆորմալ տեսք չունի։ Այսինքն, համագործակցության մասին փաստաթուղթ չի ստորագրվել տեսախցիկների առաջ, բայց ՀՅԴ վերնախավը ներկայացնող դեմքերը շատ ավելի կրքոտ են պաշտպանում ՀՀԿ ղեկավարի շահերը, քան ՀՀԿ–ականները (դա հատկապես «զռռաց» բռնությունների թեմայով ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, երբ դաշնակցական պատգամավորները Սերժի՝ բռնություն կիրառելու իրավունքը պաշտպանելու հարցում աշխատում էին հետ չմնալ ՀՀԿ–ական Սեյրան Սարոյանից, Վահրամ Բաղդասարյանից ու Մարգարիտ Եսայանից, իսկ երբեմն նաև առաջ անցնել նրանցից)։
Դաշնակցականներն, իհարկե, դեմքներին ազգային–ազատագրական տեսք տալով՝ հայտարարում են, թե պաշտոն վերցնելիս իրենք իշխանության հետ չեն համագործակցում, այլ պետությանն ու իրենց դավանած գաղափարին են ծառայում, բայց դե, դա ընդամենը դեմագոգիա է և «ատմազկա»։ Արտաշես Գեղամյանն էլ է սրտաճմլիկ ձևակերպումներ տալիս, երբ հարցնում են, թե ինչպես հայտնվեց ՀՀԿ–ի ցուցակում, բայց ի տարբերություն որոշ դաշնակցականների՝ Գեղամյանը գիտի, թե ինչ է արել, ու չի փորձում ագրեսիվ ձևով պաշտպանել հաճախորդությունը։
Կրկնակի դեմագոգիա է այն, երբ հայտարարվում է, թե դեսպաններ ու այլ պաշտոններ ստանալով՝ իրենք հանուն հայրենիքի են մարտնչում։
Եթե հիշում եք, ՀՅԴ–ն իշխող կոալիցիայից դուրս եկավ «Ֆուտբոլային» դիվանագիտության և հայ–թուրքական արձանագրությունների պատճառով։ ՀՅԴ հայաստանյան կոռուպցիոներ–«վոժդերը» դրան չէին գնա, եթե չլինեին շարքերի ու Սփյուռքի ճնշումները, բայց թողնենք դա։ Փաստն այն է, որ գնացին՝ հայտարարելով, որ դա սկզբունքի հարց է։
Ու հիմա, երբ հայտարարվում է, թե իրենք սկզբունքին, գաղափարին ու պետությանն են ծառայում դեսպանների պոստեր ստանալով, դա «կռուտիտ» է, քանզի Սերժ Սարգսյանը մնում է «Ֆուտբոլային» դիվանագիտության գծի մեջ, իսկ տխրահռչակ արձանագրությունների վրա դեռ մնում է պաշտոնական Երևանի ստորագրությունը։ Իսկ դա նշանակում է, որ «Նախագա՛հ, մի՛ զիջիր» և «Էդի՛կ, հեռացի՛ր» գոռացողները հիմա մտել են «Ֆուտբոլային» դիվանագիտության գծի մեջ, և արտգործնախարար Էդիկ Նալբանդյանի հետ համատեղ՝ իրենց ստորագրությունն են դնում հայ–թուրքական արձանագրությունների տակ։ Սա՛ էլ է փաստ։
Այնպես որ, «Մենք պաշտոններ ենք վերցնում ոչ թե իշխանությունների հետ համագործակցության, այլ պետությանն ու մեր դավանած գաղափարներին ծառայելու համար» ձևակերպումն էժանագին «տրյուկ» է՝ սեփական գեղամյանությունն արդարացնելու անհաջող փորձ։
Ի դեպ, Սերժ Սարգսյան–Հրանտ Մարգարյան գործարքի կարևոր կետերից մեկն էլ ՀՅԴ–ի՝սահմանադրական փոփոխություններին աջակցելն է։ Դա է պատճառը, որ Մարգարյանն անգամ Սփյուռքում է քարոզում «Վերջի բոլշևիկի» համար կենսական նշանակություն ունեցող այդ փոփոխությունների օգտին։ Դե, իսկ Հայաստանում սահմանադրական փոփոխություններին կողմ են արտահայտվում միայն դաշնակցական վերնախավի անդամներն ու մի քանի օդիոզ ՀՀԿ–ականներ։
ՀՅԴ–ում հույս ունեն, որ տարատեսակ ծառայությունների դիմաց փոխվարչապետ նշանակված իրենց կուսակից Արթուր Աղաբեկյանը ԼՂՀ–ում կդառնա նախագահ։ Համենայնդեպս, այդպիսի խոստում են ստացել։ Այդ խոստումներին հավատալու համար հիմք է ծառայում այն, որ Ղարաբաղում տարատեսակ պաշտոնների են նշանակվում դաշնակցականները (կոալիցիան հո պոզով ու պոչով չի՞ լինում)։
Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանի հետ վաղուց կոալիցիա կազմած ՀՅԴ–ն մի տեսակ ամաչում է այդ մասին բարձրաձայն հայտարարել Երևանում։ Երևի մտածում են, որ եթե ջայլամի պես իրենց պահեն, ու Ստեփանակերտում խաղեր տան, ապա ամեն ինչ հնարավոր կլինի ծածուկ պահել և հաճույք ստանալ։ Սակայն դա հնարավոր չէ։ Մանավանդ որ Սերժ Սարգսյանը «խասիաթ» ունի«փչացնել» ու նոր միայն վերցնել։
Եթե դաշնակցական լայն շրջանակներն այս ամենից հետևություններ չանեն և կոնկրետ քայլերի չդիմեն, ապա ոչ հեռու աապագայում ՀՅԴ–ն կվերածվի պատմամշակութային թանգարանի ցուցանմուշի։

Սևակ Մինասյան

http://www.7or.am/am/news/view/79795/